Գրքերի աշխարհը …

Մարդկային բարդ փոխհարաբերությունները, ազգերի ու կրոնական բախումները, գիտությունները, լեզուները և շատ բնագավառների առնչվող խնդիրներ վերծանվում, բացահայտվում, ի հայտ են բերվում գրքերի աշխարհի բազմաբովանդակ ծալքերում: Գրքերի աշխարհը թույլ է տալիս պատկերացում կազմել կյանքի ցանկացած երևույթի մասին, գնահատել այն, ճիշտ գնահատել:

Անհրաժեշտ է  միայն թերթել գիրքը, և նա ինքը քեզ կբացի իր գաղտնիքները, կպատմի, թե ինչպես հովի թևով հովվի ասած սիրո խոսքը գեղջկուհու ունկերին լսելի եղավ, թե ինչպես մարդիկ տիեզերք խուժեցին, թե ինչպիսի քնքշանքով ծաղիկը բացվեց, թե որ պատերազմում, որ երկիրը հաղթեց: Միայն անհրաժեշտ է թերթել գիրքը, և պարզ կդառնան այնքան բարդ մարդկային փոխհարաբերությունները: Ինքդ էլ չես զգա, թե ինչպես քո հոգում տեղի կունենա հեղաշրջում, և բոլոր սկզբունքներդ արդեն ոչ թե քոնը, այլ գրքերինը կլինեն: Կշարժվես ու կառաջնորդվես գրքերի` գրված ու չգրված օրենքներով: Իսկ երբ զգաս, որ հոգումդ ինչ-որ տեղաշարժ է կատարվում, կհասկանաս, որ ամբողջովին վերափոխվել ու կատարելագործվել ես, դարձել այնքպիսին, ինչպիսին պահանջում են գրքերը` իրենց բարոյական խրատները ուղղելով  ուղղակիորեն իրենց հերոսներին, անուղղակիորեն`
քեզ …
Կթերթես գիրքը, և քո առջև կբացվեն բազմազան պատմություններ, կներկայացնեն քեզ իրենց ճիշտն ու սխալը, քեզ կդարձնեն իրենց դատավոր, կըմբռնես նրանց, կհասկանաս, կթվա` արդեն բացահայտեցիր գրքերի էությունը, բովանդակությունը, այն գաղտնի միտքը, որ անհասկանալի է միշտ, բայց էլի գրքերի աշխարհը կմնա անբացատրելի ու անվերծանելի, անսահման ու անվերջ, լիահույս, լիախոհ:

No comments:

Post a Comment