Մոցարտի մահվան պատճառը

Հանճարեղ Մոցարտի անժամանակ, իսկ որոշների համար խորհրդավոր մահվան պատճառները մինչեւ այժմ հետազոտությունների առիթ են հանդիսանում։ 1791 թ. դեկտեմբերի 5-ին կյանքի 35-րդ տարում Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի մահվան պատճառը ժամանակի բժիշկները չեն կարողացել հայտնաբերել, սակայն «առեղծվածը» փորձում են բացահայտել 21-րդ դարի մասնագետները։
Ավստրիայի Գրացի համալսարանի դոկտոր Ստեֆան Պիլզը Medical problems of performing artists ամսագրի խմբագրին ուղղած նամակում նշել է, որ հանճարի տկարության եւ հիվանդության  պատճառը հնարավոր է արեւի լույսի սակավությունը եղած լինի։

Infox.ru-ի փոխանցմամբ՝ Պիլզը նշել է, որ արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթները մաշկի վրա ընկնելիս առաջացնում են կենսական նշանակության D վիտամին, ինչի պակասի դեպքում մի շարք հիվանդություններ են առաջանում։ «Բավական դժվար է հստակորեն նշել, թե ինչից է մահացել Մոցարտը։ Հավանաբար նրա մահվան պատճառը եղել են ոչ բարենպաստ մի քանի գործոններ եւ հիվանդություններ»,- ասել է Պիլզը՝ նկատելով, որ մեր օրերում էլ արեւի լույսի սակավության դեպքում մարդուն բազմաթիվ հիվանդություններ են սպառնում։ Ըստ մասնագետի, եթե Մոցարտը արեւի տակ ավելի շատ ժամանակ անցկացներ, ապա, հնարավոր է, ավելի երկար կյանք ունենար։
Նշենք, որ Մոցարտի մոտ հետմահու հայտնաբերվել է երիկամային անբավարարություն, ինֆեկցիոն հիվանդություններ, անոթային խանգարումներ, որոնց արագ զարգացումը Պիլզը պայմանավորում է ավիտամինոզով։
Հայտնի է, որ Մոցարտը մեծ մասամբ աշխատում էր գիշերները, իսկ ցերեկները կամ քնած էր անցկացնում, կամ այցելում էր Վիեննայի թույլ լուսավորված պանդոկները ինչի արդյունքում բնական լույսի ժամանակ շատ քիչ էր լինում արեւի տակ։

No comments:

Post a Comment