16-ամյա հոլանդուհին ավարտեց շուրջերկրյա նավարկությունը


Agence France-Press-ը հաղորդում է, որ 16-ամյա հոլանդուհի Լորա Դեկկերը շաբաթ օրը` հունվարի 21-ին, դարձավ աշխարհի ամենաերիտասարդ ծովագնացը` ավարտելով միայնակ շուրջերկրյա ճանապարհորդությունը: Մի տարի տևած նավարկության վերջին կանգառը դարձավ Կարիբյան կղզիների Սեն Մարտեն կղզին:

Ծովագնացի խոսքով` նավարկությունը հիանալի է անցել: “Ես հաճախ դելֆիններ էի տեսնում և բավականություն ստանում նրանց ընկերակցությունից,-պատմել է Դեկկերը:-Ես շատ երջանիկ եմ”: Մոt օրերս Դեկկերը մտադիր է մաքրել իր երկկայմանոց առագաստանավը` “Գապպին”: Դրանից հետո նա կվերադառնա դպրոց:
Անչափահաս հոլանդուհին 2009-ից, երբ դեռ 14 տարեկան էր, պայքարում էր շուրջերկրյա ճամփորդության իրավունքի համար: Ծնողները դեմ չէին նրա որոշմանը, նրանք ասում են, որ աղջիկը ծնվել է ծովում և առաջին չորս տարիներն անցկացրել նավի վրա: Սակայն դատարանը, համարելով, որ դա բացասական ազդեցություն կունենա երեխայի զարգացման վրա, արգելեց նավարկությունը: 2009 թ. վերջին Դեկկերը փախավ Սեն Մարտեն, բայց մի քանի օր անց նրան գտան ու վերադարձրին հայրենիք:
2010 թ. ամռանը երեխաների խնամակալության ծառայությունը փորձեց երկարացնել Դեկկերի նավարկության արգելքի ժամկետը, բայց այս անգամ դատարանը որոշում կայացրեց աղջկա օգտին: Պատանի ճամփորդուհին ծով մտավ 2011 թ. հունվարի 20-ին:
Լորա Դեկկերը ավարտեց ճամփորդությունը, երբ լրացավ նրա 16 տարին և չորս ամիսը: Նախորդ ռեկորդը Ավսtրալուհի Ջեսիկա Ուոտսոնինն էր, որը միայնակ շուրջերկրյա ճամփորդությունն ավարտեց իր 17 տարին լրանալուց երեք օր առաջ: Ընդ որում, Ուոտսոնը լողում էր առանց նավահանգիստներ մտնելու, իսկ Դեկկերը հաճախակի կանգառներ էր անում:
Ավելի վաղ հայտնում էին, որ Ուոտսոնի ռեկորդը կարող է գերազանցել Կալիֆոռնիայի 16-ամյա բնակչուհի Էբբի Սանդերլենդը, որը միայնակ նավարկությունը սկսեց 2010 թ. հունիսին: Սակայն շատ շուտով լուրջ փոթորկի մեջ հայտնվեց, ուստի ստիպված էր վերադառնալ:
Գինեսի գիրքը չի գրանցում անչափահաս նավարկողներին, որպեսզի չխրախուսի վտանգավոր ճամփորդությունը:

No comments:

Post a Comment