Ուինստոն Չերչիլի լավագույն ճառը...


Պատմություն այն մասին, որ պետք է մշտապես հաղթահարել դժվարությունները:


Երբ Ուինստոն Չերչիլն արդեն 90 տարեկան էր, նրան հրավիրեցին Անգլիայի լավագույն համալսարաններից մեկում զեկույց կարդալու: Չնայած Չերչիլը բազմաթիվ այդպիսի հրավերներ մերժել էր, ի զարմանս բոլորի այս մեկին համաձայնվեց: Երբ արդեն հայտնի դարձավ, որ Չերչիլը համաձայնվել է համալսարանում զեկույց կարդալ, Անգլիան խառնվեց իրար: Նշանակված օրը հազարավոր մարդիկ երկրի տարբեր քաղաքներից եկան համալասարան: Նրանցից շատերը շատ հեռվից էին եկել: Մարդկանց քանակը, որ ցանկանում էին լսել իրենց մեծ հայրենակցին, հսկայական էր: Աուդիտորիայում ասեղ գցելու տեղ չկար, շատ շատերը ուղղակի կանգնել էին աստիճաններին ու միջանցքներում:

Մտնելով դահլիճ Չերչիլը տեսավ հազարավոր մարդկանց: Դահլիճը լարված սպասում էր, բոլորը ցանկանում էին լսել ժամանակի մեծագույն մարդուն: Համալսարանի դեկանը Չերչիլին ներկայացրեց որպես 20-րդ դարի աշխարհի ամենանշանակալից մարդու, մեծ անգլիացու: Ըստ նրա խոսքերի՝ Չերչիլն իր այս ելույթով պիտի ամփոփի իր կյանքը, պիտի կիսվի իր փորձով:
Դահլիճը թնդաց ծափահարություններից: Չերչիլը վեր կենալով հանդարտ մոտեցավ ամբիոնին: Նա շատ լարված ու կենտրոնացած էր: Երկարատև օվացիայից հետո նա սկսեց իր ճառը.
- ԵՐԲԵ′Ք, ԵՐԲԵ′Ք, ԵՐԲԵ′Ք, ԵՐԲԵ′Ք, ԵՐԲԵ′Ք ՄԻ ՀԱՆՁՆՎԵՔ…
Այդ պահին ոչ ոք չհասկացավ, որ ելույթը դրանով էլ ավարտվեց: Իսկ հասկանալուց հետո ոչ բոլորն էին գոհ ելույթից, չէ որ շատերը ահռելի տարածություններ էին անցել, որպեսզի լսեն Մեծ Մարդուն:
Բայց հավաքվածների մեծ մասը հասկացավ… հասկացավ, որ դա էլ հենց այն մեծ խորհուրդն է, որ Չերչիլը հանել է իր կյանքից և որը՝ որպես մի վերջին ծառայություն Անգլիային ու նրա ժողովրդին, կտակում է ապագա սերունդներին:
Երբ ընթանում էր Երկրորդ համաշխարհային պատերազմը, Չերչիլը զբաղեցնում էր պրեմիեր-մինիստրի պաշտոնը: Ֆաշիստական օդային հարձակումների հետևանքով Անգլիայում հազարավոր մարդիկ զոհվեցին: Երկիրը ցնցվում էր ոչ մի րոպե չդադարող հարձակումներից: Անգլիան կործանման եզրին էր: Ամեն գիշեր իր հետ բերում էր նորանոր զոհեր: Չերչիլի խորհրդականները և ծանոթները նրան խորհուրդ էին տալիս հանձնվել` ինչպես Ֆրանսիան, ինչպես մնացած ողջ Եվրոպան:
Ռումբերի տակ անցկացրած մի գիշեր վճռական եղավ: Չերչիլի մերձավոր ընկերները հավաքվել էին նրա աշխատասենյակում և համոզում էին նրան հանձնվել: Նույն րոպեներին Լոնդոնն ուղղակի հեղեղվում էր թշնամու ռումբերով: Կրկին մեռնում էին մարդիկ: Չերչիլի լավագույն ընկերները ասում էին, որ նրա վրա է նոր զոհերի ու երկրի տառապանքների մեղքը…
Բայց Չերչիլը հասկանում էր, որ հանձնվելը կբերի ավելի շատ զոհերի, կլինի վերջն այն ամենի, ինչ սիրում էր: Ու նա բռունցքները դեպի օդ պարզելով, ասես սպառնալով ռումբերին, բացականչեց.
-Ես երբեք չեմ հանձնվի: Երբե′ք: Երբե′ք: Երբե′ք:
Ու բոլորը հասկացան, որ հարկավոր է պատրաստվել պատերազմի: Հանձնում չի լինի: Այլևս ոչ ոք երբևէ Չերչիլի ներկայությամբ չարտասանեց “հանձնվել” բառը: Անգլիան իսկականից սկսեց պատերազմը:
Ոչ բոլոր մարդիկ են նման փորձությունների ենթարկվում: Բայց սա վճռականության ու հոգու ամրության լավ օրինակ է: Չհանձնվել երբեք ու ոչ մի բանում, չհանձնվել թեկուզև մանրուքներում` ահա կյանքի գլխավոր խորհուրդը:

No comments:

Post a Comment