Ալբերտ Այնշտայն

Ալբերտ Այնշտայնը (մարտի 14 1879 - ապրիլի 18 1955) գերմանացի մեծ ֆիզիկոս-տեսաբան, համարվել է 20-րդ դարի ամենամեծ ֆիզիկոսը։ Նրա գիտական հանճարը փայլատակել է ժամանակակից ֆիզիկայի արմատական պրոբլեմների լուծման բնագավառներում։ Մեծ գիտնականի մասին գրվել են հազարավոր գրքեր, տրվել են շատ գնահատականներ։ Եղել է ժամանակակից ֆիզիկայի ամենամեծ դեմքը իր մեծ ու համապարփակ գիտելիքներով, բարդ ու դժվարամարս գաղափարների, տեսությունների և գիտական վարկածների կծիկը բացելու իր անօրինակ ընդունակություններով։
Էյնշտեյնը բացառիկ երևույթ է գիտության պատմության մեջ։ Ծնվել է Ուլմում։ 14 տարեկան հասակում տեղափոխվել է Շվեյցարիա, ուր ավարտել է Ցյուրիխի պոլիտեխնիկումը։ Աշխատել է Պրահայոմ, Բեռլինում։ 1933-ին, հալածվելով Գերմանիայի ֆաշիստական կարգերից, փոխադրվել է ԱՄՆ, ուր մինչև իր կյանքի վերջը աշխատել է Պրինստոնի հեռանկարային հետազոտությունների ինստիտուտում։
Գիտության մեջ նրա մեծագույն նվաճումը հարաբերականության տեսությունն է, որն արմատապես փոխեց մեր պատկերացումները տարածության, ժամանակի և մատերիայի մասին։ Երբ 1921-ին Այնշտայնը Նոբելյան մրցանակի է արժանանում լույսի մասնիկի՝ ֆոտոնի տեսական հայտնագործության ու լուսաէֆեկտի երևույթի քվանտային տեսության ստեղծման համար, իրեն հատուկ հումորով զարմանում է, որ ինքն այդ մրցանակը պետք է ստանար դեռևս 1905 թվին, երբ ստեղծել էր հարաբերականության հատուկ տեսությունը։ Գիտության պատմաբանները նրա հարաբերականության հատուկ տեսությունը դասում են ամենամեծ ֆիզիկական տեսությունների շարքում, Իսահակ Նյուտոնի մեխանիկայից և Ջեյմս Մաքսվելի էլեկտրադինամիկայից հետո։ Այս երեք մեծ հայտնագործությունները դարձան ժամանակակից ֆիզիկայի (1895-1904) հիմնաքարերը, որոնք ապահովեցին առաջատար դերը բնագիտության մեջ։ Նկատի ունենալով, որ մեծ գիտնականի ժառանգությունը վաղուց դարձել է գիտության սեփականությունը, կանգ առնենք միայն նրա այն հայտնագործությունների վրա, որոնց համար նա արժանացել է Նոբելյան մրցանակի։ 1905-ին, ելնելով հարաբերականության հատուկ տեսությունից, նա արտածել է միջուկային ֆիզիկայի մեջ արտակարգ կարևոր, մի հակիրճ, բայց բովանդակալից բանաձև, որը մտել է բոլոր դասագրքերի մեջ։
Վիթխարի նշանակություն ունի լույսի ճառագայթման քվանտային տեսությունը։ Նա տեսականորեն առաջադրել է լույսի մասնիկի՝ ֆոտոնի գաղափարը, որը փորձով հայտնագործվեց 1922 թվականին Ա. Քոմփթոնի կողմից։ Լուսաէֆեկտի ուսումնասիրությամբ զբաղվել են շատ գիտնականներ (Հ. Հերց,Ա. Ստոլետով, Ֆ. Լենարդ և ուրիշներ), սակայն այդ ուշագրավ երևույթի քվանտային տեսության մշակումը տվել է Այնշտայնը։ Նա արտածել է լուսաէֆեկտի հիմնական հավասարումը, որը այլ բան չէ, քան էներգիայի պահպանման և փոխակերպման օրենքը լուսաէֆեկտի գործընթացում։ Ծանոթանալով Այնշտայնի հետ, մեծագույն սրախոս Բեռնարդ Շոուն դիմել է մեծագույն գիտնականին. «Դուք ութ հոգի եք, ընդամենը ութ հոգի»։ Այնշտայնը չի հասկացել նրան, շփոթվել է։ Շոուն շարունակել է. «Պյութագորաս, Պտղոմեոս, Արիստոտել, Կոպեռնիկոս, Գալիլեյ, Կեպլեր, Նյուտոն, Այնշտայն»։

1 comment:

vidzee said...

Հետաքրքիր կայքը:
Իմ հաճույք է այստեղ:

Post a Comment