Հայաստանը Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլում

Աշխարհի գավաթ-2014. Ծանոթանանք Հայաստանի մրցակիցներին

Երեկ կայացավ 2014թվականին Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը:Հիմա ես ձեզ կներկայացնեմ մեր մրցակիցներին:
Աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը հանդես է գալու եվրոպական գոտու B խմբում, որտեղ ընդգրկված են նաև Իտալիայի, Դանիայի, Չեխիայի, Բուլղարիայի և Մալթայի հավաքականները: 
 Իտալիա
ՖԻՖԱ-ի վարկանիշ` 8
Լավագույն ռմբարկու` Լուիջի Ռիվ (35)
Ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստ` Ֆաբիո Կանավարո (136)
Հայերի քանակը` 2500-3000

Խմբի բացահայտ ֆավորիտը Իտալիան է, որը աշխարհի քառակի չեմպիոն է և առանձնապես ներկայացման կարիք չունի: Իտալիայի հավաքականում մեծամասնություն են կազմում ներքին առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստները: "Եվրո-2012"-ի ընտրական փուլում Իտալիան վստահորեն գլխավորում է C խմբի մրցաշարային աղյուսակը եւ ոչ մի կասկած չկա, որ հերթական անգամ նվաճելու է Եվրոպայի առաջնության ուղեգիր: Վերջին տարիներին Իտալիայի հավաքականը մեծ սերնափոխություն է ապրել և ներկայիս կազմում քիչ չեն նորեկները: Վերջին անգամ Իտալիայի հավաքական հրավիրված 23 ֆուտբոլիստներից 13-ը ազգային թիմում գոլի հեղինակ չեն դարձել:  


Իտալիայի հավաքականի հետ Հայաստանը երբեք չի հանդիպել: 
Դանիա
ՖԻՖԱ-ի վարկանիշ` 20
Լավագույն ռմբարկու` Յոն դալ Թոմասոն, Պոլ Նիլսեն (52)
Ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստ` Պետեր Շմեյխել (129)
Հայերի քանակը` 3000-3200

Դանիայի հավաքականը Եվրոպայի ամենաանկանխատեսելի ընտրանիներից է: 1992թ. Եվրոպայի առաջնությունում հաղթելուց հետո դանիացիները նոր հաջողություն չեն ունեցել, սակայն շատ ցած էլ չեն գլորվում: "Եվրո-2012"-ի ընտրական փուլում Դանիան H խմբում Պորտուգալիայի և Նորվեգիայի հետ պայքարում է առաջին տեղի համար: Երեք հավաքականներն էլ վաստակել են 10-ական միավոր: Դանիայի հավաքականը տոն են տալիս լեգեոներները, որոնք հիմնականում հանդես են գալիս անգլիական, գերմանական և հոլանդական թիմերում: Ներկայիս կազմի ամենահայտնի ֆուտբոլիստը Լոնդոնի "Արսենալում" ելույթ ունեցող Նիկլաս Բենդտներն է:

Դանիայի հետ Հայաստանը մրցել է "Եվրո-96"-ի ընտրական փուլում: Երևանում հայ ֆուտբոլիստները զիջել են 0:2 հաշվով, իսկ Կոպենհագենում` 1:3:

 Չեխիա
ՖԻՖԱ-ի վարկանիշ` 31
Լավագույն ռմբարկու` Յան  Կոլեր (55)
Ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստ` Կարել Պոբորսկի (129)
Հայերի քանակը` 11.000

Չեխիան ներկայումս Եվրոպայի ուժեղագույն հավաքականների թվին չի դասվում, թե ունի հարուստ պատմություն և մեծ հաջողությունների է հասել համաշխարհային ֆուտբոլում: Չեխիայի ընտրանին "Եվրո-2012"-ի ընտրական I խմբում Շոտլանդիայի և Լիտվայի հետ պայքարում է 2-րդ տեղի համար:
Ներկայիս հավաքականի առաջատարը Լոնդոնի "Չելսիի" դարպասապահ Պետեր Չեխն է: Հայաստանի մրցակցի կազմում հիմնականում ելույթ են ունենում չեխական, գերմանական, թուրքական և ուկրաինական ակումբներում ելույթ ունեցող ֆուտբոլիստներ:

Հայաստանի հավաքականը Չեխիայի հետ 2 հանդիպում է անցկացրել 2006թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում: Երևանում Հայաստանը զիջել է 0:3 հաշվով, իսկ մրցակցի հարկի տակ` 1:4: 

Բուլղարիա
ՖԻՖԱ-ի վարկանիշ` 48
Լավագույն ռմբարկու` Դիմիտար Բերբատով (48)
Ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստ` Բորիսլավ Միխայլով (102)
Հայերի քանակը` 30.000-32.000

Բուլղարիան ևս հարուստ ֆուտբոլային ավանդույթներ ունեցող երկիր է, սակայն ներկայումս գտնվում է ճգնաժամի մեջ: Բուլղարիայի ազգային հավաքականը վերջին տարիներին անհաջող է հանդես գալիս ընտրական փուլերում, իսկ "Եվրո-2012"-ում հայտնվելու հնարավորություն բուլղարացիները գործանականում չունեն, քանի որ G խմբում 5 միավորով ընթանում են նախավերջին 4-րդ հորիզոնականում:
Ներկայիս հավաքականի անդամները հիմնականում ներկայացնում են բուլղարական, ռուսական, գերմանական, թուրքական և անգլիական ակումբներ: Ամենահայտնի ֆուտբոլիստն էր Դիմիտար Բերբատովը ("Մանչեսթեր Յունայթեդ"), ով նախորդ տարի ավարեց կարիերան հավաքականում:

Այս մրցակիցը մյուսներից առանձնանում է նրանով, որ Հայաստանը բավական մեծ սփյուռք ունի Բուլղարիայում և անհրաժեշտությամբ դեպքում մեծ աջակցություն կարող է ստանալ հյուրընկալվելիս:

Բուլղարիայի հետ Հայաստանը երբեք չի հանդիպել:

Մալթա
ՖԻՖԱ-ի վարկանիշ` 173
Լավագույն ռմբարկու` Մայքլ Միֆսուդ (26)
Ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստ` Դավիթ Կարաբոտ (121)
Հայերի քանակը` 90-100

Մալթայի հավաքականը խմբի ակնհայտ ետնապահն է: Եվրոպական գաճաճ պետության հավաքականը թեև երբեմն կարողանում է միավորներ խլել մրցակիցներից, սակայն լուրջ հավաքականների համար խնդիրներ չի ստեղծում: Մալթայի հավաքականում հիմնականում հանդես են գալիս տեղական ակումբներում ելույթ ունեցող ֆուտբոլիստներ: Առավել հայտնի է Մայքլ Միֆսուդը, ով ժամանակին ելույթ է ունեցել գերմանական "Կայզերսլաուտեռնում":

Հայաստանի հավաքականը 3 անգամ հանդիպել է Մալթային և բոլոր դեպքերում էլ հաղթել նվազագույն հաշվով:
 

No comments:

Post a Comment