Ամանորի գիշերը պիտի թակի բոլորիս դռները և իբրև անակնկալ ընծա բերի իր բարությունն ու ջերմությունը


Նոր տարին այսօր տոնում են և՛ քրիստոնյաները, և՛ այլադավանները:
Շատ ժողովուրդներ ամանորյա տոներին տոնածառ են զարդարում, որը դրախտի Կենաց ծառի խորհուրդն ունի, իսկ տոնածառի գլխին դրված աստղը` բեթղեհեմյան աստղի:
Իսկ կեսգիշերին, նվերներով հանդերձ, ամենացանկալի հյուրը` Ձմեռ կամ Կաղանդ պապը (Դեդ Մորոզ, Սանտա Կլաուս) Զմյուռնիա քաղաքի Սուրբ Նիկողայոս Սքանչելագործ հայրապետն է:
Նիկողայոսը ծնվել է 280 թ. Փոքր Ասիայի Լիկիա նահանգում: Մեծահարուստ, բարեպաշտ և բարեգործ ընտանիքի զավակ էր: Մանկուց կրթվելով Ավետարանի պատգամներով` ապրել է բարեկրոն քրիստոնյայի կյանքով: Իր ամբողջ կյանքի ընթացքում նա հավատարմորեն հետևել է ավետարանական այս պատգամին. «Եթե կամենում ես կատարյալ լինել, գնա’, վաճառի’ր քո ունեցվածքը և տո’ւր աղքատներին» (Մատթ. ԺԹ 21):
1087 թ. Իտալիայի Բարի քաղաքում Սբ Նիկողայոսի անվամբ կառուցվել է փառավոր մի տաճար, որտեղ ամփոփված են նրա մասունքները:
Նիկողայոս Սքանչելագործ հայրապետը հրաշագործ էր, բարի ու առատաձեռն, միշտ պատրաստ կարիքավորներին օգնելու, իր հարստությունից մանուկներին անակնկալ նվերներ մատուցելու: Սբ Նիկողայոսը մանուկների պաշտպան սուրբն է, որոնց հանդեպ հատուկ հոգածություն է ցուցաբերում: Նույնիսկ իր վախճանից հետո էլ նա երկնային արագահաս օգնությամբ պատասխանում է իր բարեխոսությունը խնդրողների աղոթքին:
Ճշմարիտ հավատքը, աստվածային սերն ու քրիստոնեական բոլոր առաքինությունները մարմնավորող այս սուրբն է, որ Ամանորի գիշերը պիտի թակի բոլորիս դռները և իբրև ամանորյա անակնկալ ընծա մատուցի իր բարությունն ու ջերմությունը` դրանք միմյանց փոխադարձելու պատգամով:

No comments:

Post a Comment