Ամուսինը կտրել է կնոջ մատները, որպեսզի նա չսովորի

Բանգլադեշի 30-ամյա Ռաֆիկուլ Իսլամը ձերբակալվել է: Նա կտրել է իր  21-ամյա կնոջ աջ ձեռքի բոլոր մատները:
Տղամարդը, որն աշխատելու նպատակով մեկնել էր  ԱՄԷ, տուն վերադառնալով և իմանալով, որ դեռատի կինը` Հավա Ախտերը առանց իրեն տեղեկացնելու  որոշել է բարձրագույն կրթություն ստանալ, կապկպել է կնոջ ձեռքերը, փակել նրա բերանը, ապա կտրել մատները: 6 ժամ տևած բանակցություններից հետո, ի վերջո համաձայնել է կնոջը հիվանդանոց տեղափոխել: Բժիշկները կասկածել են, որ կատարվածն այնքան էլ դժբախտ պատահարի հետևանք չէ  ու ի վերջո, հարցուփորձով  կարողացել են պարզել ճշմարտությունը: Ամուսինը խոստովանել է նաև, որ կնոջ կտրված մատներն աղբն է նետել, ինչից հետ միայն աղջկա հարազատները շտապել են դրանք գտնել ու հիվանդանոց հասցնել:
Սակայն, ցավոք, դրանք այլևս պատվաստման պիտանի չեն եղել: Տեղական ոստիկանության ներկայացուցիչն ասել է, որ կասկածյալը չի կամեցել, որ կինը բարձրագույն կրթություն ստանա, քանի որ ինքն ընդամենը 8-ամյա կրթություն ունի: Իսլամին մեղադրում են  կնոջ առողջությանը  միտումնավոր վնաս պատճառելու համար, ինչը Բանգլադեշի օրենքով պատժվում է ցմահ բանտարկությամբ: Կինը,  կազդուրվելով, վերադարձել է ծնողների տուն: Նա երդվել է ամեն գնով փաստաբանի դիպլոմ ստանալ:
Սա միակ դեպքը չէ Բանգլադեշում: Հունիսին մի տղամարդ հանել է կնոջ աչքերն այն բանի համար, որ վերջինս մայրաքաղաքի  հեղինակավոր համալսարաններից մեկում աշխատում էր պրոֆեսորի օգնական. կինը ցանկանում էր բարձրացնել իր գիտական աստիճանն ու մեկնել Կանադա` սովորելու: Երկրի իրավունքի պաշտպաններն անհանգստացած են ստեղծված իրավիճակով: Վերջին մի քանի տարում ավելացել է կրթություն ստանալ ցանկացող կանանց վրա կատարվող հարձակումների թիվը:

No comments:

Post a Comment