ԻՄԱՍՏԱՍԵՐՆԵՐԻ ԽՈՍՔԵՐԸ

~ Անմիտ, անզգամ մարդու հետ գինի խմելուց լավ է իմաստուն բարեկամի հետ քար կրելը։
~ Թագավորներին ու մեծամեծներին մոտ լինելուց լավ է հեռու մնալը։
~ Ուր որ ձեռքդ չի հասնում, մի՛ մեկնիր։

~ Մատնիչ լինելուց լավ է ծովն ընկնելը։
~ Սովածության պատճառով գողություն անելուց լավ է սոված մեռնելը։
~ Լավ է մուրալով հաց ուտել, քան հարբեցող ու զազրախոս մարդկանց ընկեր լինել։
~ Լավ է աղքատ պատանի, քան ծեր ու անմիտ թագավոր։
~ Վայ նրանց, որ բարուն չար և չարին բարի են ասում, քաղցրին՝ դառն, լույսին՝ խավար և խավարին լույս:

ՀԻՊՈԿՐԱՏԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Բժշկապետ Հիպոկրատը գնաց նվագել սովորեց և աշակերտները նրան մեղադրեցին, թե՝ բժշկության ուսուցիչ ես դու, և սա քեզ վայել զբաղմունք չէ, ինչու ես սովորում։ Եվ Հիպոկրատը նրանց պատասխանեց.
— Ուսումը լավ է անգիտությունից, գիտությունը լավ է, քան տգիտությունը։ Սա ևս մի արվեստ է, սովորելը լավ է, պատվաբեր և հարկավոր:

ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑՈՒ ԱՍՈՒՅԹՆԵՐԻՑ

~ Ով գարնանը հանգստանում է, ձմռանը սատկում Է սովից ու ցրտից։
~ Անգործ մեղուն ավելի լավ Է, քան ժրաջան պիծակը։
~ Եթե անարժանին ինչպես հարկն Է չես հանդիմանում, ուսուցիչ մի լինիր:
~ Ուսուցչին սուրբ վարքն Է քաջասիրտ դարձնում։
~ Մեղրը քաղցր Է, բայց ախտավոր մարմնին վնասում Է, խրատն ու կշտամբանքը օգտակար են, բայց անօգուտ են անխոհեմի համար:

 
 ~ Որդյա՛կ, աստված գինին ստեղծեց ուրախության համար, բայց որոշ տեղեր ավելի լավ է թույն ըմպել, քան գինի, որովհետև լինում է ժամանակ, որ գինին փառավորում Է ադամորդուն, իսկ երբեմն ծաղրելի ու ամոթալի Է դարձնում։
~ Որդյա՛կ, լավ է կռվել զինավառ մարդու հետ, քան անզգամ, լեզվանի և ջղային կնոջ։
~ Որդյա՛կ, լեռները սառնության շտեմարան են, իսկ նենգավորի սիրտը չարիքի բնակատեղի Է:
~ Որդյա՛կ, նենգավորի լեզուն արագագիր դպրի գրչի նման խաղաղությունից է խոսում, բայց սիրտը չարիք է նյութում։
~ Որդյա՛կ, դատարկաբան և հարբեցող մարդը իր սուտ խոսքով մարդկանց մեջ հաճախ հարգանք Է նվաճում, բայց ինչ ասում Է, չի կատարվում։ Նա նման է փչած տկի` իրեն ցույց Է տալիս իբրև լիքը, իսկ երբ արձակում են կապը, նրանից ուրախություն չեն ստանում, նա ծաղրելի և այպանելի Է լինում:
~ Որդյա՛կ, մարտի ժամանակ ընկերակցիր քաջասիրտ
և զորավոր մարդուն, որովհետև երբ հաղթում է թշնամուն, դու նրա հետ կգովվես ու կփառաբանվես թագավորների առաջ, իսկ եթե ընկնես թշնամու ձեռքով, նա իր քաջությամբ քեզ կպաշտպանե։
~ Որդյա՛կ, անմիտ մարդը պատերազմից առաջ պարծենում, գովում Է ինքնիրեն և իր բազկի զորությունը, իսկ պատերազմի ժամանակ արժանանում Է ընկերների պարսավանքին։
~ Որդյա՛կ, երբ կհարբես, փակիր բերանդ և մի շատախոսիր, որովհետև քեզ զսպել չես կարող։ Ինչպես երկիրը բույսերի մայրն Է, նույնպես և հարբեցողությունը ամեն տեսակ չարիքների մայրն Է։
~ Որդյա՛կ, եթե տեղյակ ես իմաստությանը և չես կատարում` անմիտ ես։
~ Որդյա՛կ, առանց կարդալու և մտածելու օր չանցկացնես, որովհետև իմաստությունը փայլեցնում և ավելացնում Է հանճարը։
~ Որդյա՛կ, տգետի հետ ամենևին մի խոսիր, որ անխելքը քեզ չծաղրի։
~ Որդյա՛կ, ով խելքին փչածը ասում Է, մի խոսիր նրա հետ։
~ Որդյա՛կ, երբ քեզ տեսնում են թագավորների աչքում փառավոր ու սիրված, որքան Էլ շատ են թշնամիներդ, բոլորը իբրև սիրելիի քեզ մտերմություն են անում։
~ Որդյա՛կ, խոզամիտ մարդը սիրելի չի ունենում երբեք, որովհետև սիրում Է ինչքը և ոչ սիրելիին։
~ Որդյա՛կ, քո ընկերոջը չխոստանաս այն, որ չես կարող տալ, որպեսզի բարեկամությունը ատելության չվերածվի։
~ Որդյա՛կ, զվարթ և առատամիտ մարդը սիրելի է աստծուն և մարդկանց՝ պայծառացնում Է իր կյանքը իր զվարթությամբ։
~ Որդյա՛կ, եթե աշխարհի և մարդկանց իշխող ես, անձդ պահպանիր զեխությունից, որովհետև պարտավոր ես հոգալ երկրավորների և երկնավորների մասին։
~ Որդյա՛կ, ոչ թե գիտենալն Է իմաստություն, այլ ստեղծելն ու կատարելը։

No comments:

Post a Comment