Սեպտեմբերի մեկ...

 
Ավանդաբար գրապաշտ մեր ազգի համար կրթությունը շարունակում է պաշտամունք մնալ: Ցավոք, կրթությունն այսօր հիշատակվում է կաշառասուն ասպարեզների առաջին շարքում: Հետաքրքիր է, որ թե՛ դպրոցական, թե՛ բուհական համակարգում պատկերը գրեթե նույնն է:
Բուհը, որ համարվում է մասնագիտական ուսման դարբնոց, մեղմ ասած, այսօր այնքան էլ որակյալ կադրեր չի տալիս: Ե՛վ սովորողը, և՛ ուսման հետ գլուխ չունեցողը հայտնվում են նույն հարթության վրա` քննաշրջանը ոսկե երակի վերածած դասախոսի կամավոր կամ հարկադիր զոհը դառնալով: Երևի ոչ մի ոլորտ այնքան խնդիրներ չունի, որքան այսօր կուտակվել է կրթական համակարգում:Հանրակրթական դպրոցն էլ կորցրել է գիտելիքի գլխավոր մատակարարի իր առաքելությունը: Դպրոցն ընդամենը ձևական օղակ է դարձել դեպի բուհ ճանապարհին: Դպրոցի վարկի անկմանը զուգընթաց` ամրապնդվում է կրկնուսույցների ինստիտուտը, որը գրեթե զանգվածաբար անցնում են մասնավոր ու պետական բուհերի դիմորդները:Իսկ  մնացած հարցերում մեր կրթությունը պարտաճանաչ նմանակում է զարգացած աշխարհի կրթական չափորոշիչները` բակալավրիատ, մագիստրատուրա, 12-ամյա դպրոց… Նորոգվում ու հիմնանորոգվում են դպրոցները, ջեռուցման նախնադարյան համակարգից անցնում ենք լոկալ համակարգի: Համակարգիչները փոխարինել ու շարունակում են փոխարինել գրքերին:Եվ սա է հիմնական պատճառներից մեկը, որ մեր երեխաները հայոց լեզուն, հայ գրականությունը, հայոց պատմությունն ամենից վատ գիտեն: Ազգային ու քաղաքացիական մտածողությունն այս երեք առարկաներն են սերմանում:Ուսումնական ծրագրերում ու պլաններում այս առարկաների տարածքն ու նշանակությունն աններելի նվազել է: Նրանց տեղն այսօր գրավել են անգլերենն ու համակարգիչը: Բայց ի՞նչ պետական դպրոց` առանց գրականության ու պատմության,: Կրթական ոլորտը պարզապես չընդհատվող փորձարարությունների շրջան է ապրում: Անցումային շրջան է. այսպես ենք արդարացնում մեր վրիպումներն ու դժվարությունները նաև այս ասպարեզում:
Բայց գալիս է սեպտեմբերի 1-ը, ամենագեղեցիկ օրերից մեկը հայ մարդու ու նրա զավակի համար:Ուզում եմ շնորհավորել ձեր սեպտեմբերի մեկը և մաղթել կանաչ ճանապարհ այս անարդար դարում:

No comments:

Post a Comment